Սննդի և ըմպելիքների համաշխարհային առաջատար ցուցահանդեսն անցկացվել է հոկտեմբերի 9-13-ը Գերմանիայի Քյոլն քաղաքում։ Միջոցառման ընթացքում օտարերկյա սպառողին ներկայացրեցինք մեր արտադրության մի շարք բրենդներ՝ Oki-Chmoki ջեմերը և Titta բնական հյութերը՝ պատրաստված Հայաստանի քաղցրահամ մրգերից, տան ջերմությունն ու հոգատարությունը հիշեցնող TTOO-ի մարինադները և Yemmi-ի համեղ տոմատի մածուկներն ու հյութերը: Մեր արտադրանքները պատրաստված են 100% բնական բաղադրիչներից և չեն պարունակում կոնսերվանտներ կամ հավելանյութեր, ինչի շնորհիվ էլ արժանացել են այցելուների դրական արձագանքին ու բարձր գնահատանքին: Նրանց հիացրել է բնական հումքով պատրաստված անուշահամ արտադրանքը և ապրանքների բազմազանությունը։ Anuga - ն ամենամեծն է իր ցուցադրողների և ցուցահանդեսային տարածքի առումով: Այս տարի տեղի ունեցած ցուցադրությանը այցելել է 169 երկրից ավելի քան 70,000 հոգի, ակտիվ մասնակցություն է ունեցել ավելի քան 4,000 ցուցադրող՝ 98 երկրից։ Համաշխարհային ճանաչում ունեցող նմանատիպ ցուցահանդեսները հանդիսանում են արդյունաբերության համար լավագույն հարթակներից մեկը՝ ցուցադրելու սեփական ներուժը, մրցունակությունն ու զարմացնելու արտադրանքի որակով և համային երանգներով:
Ապրիլի 19-ին Հարկ վճարողի օրվա առթիվ Արմավիրի մարզպետարանը Սարդարապատի հուշահամալիրում ընդունելիություն կազմակերպեց մարզի տնտեսվարողների համար, որի ընթացքում պարգևատրվեցին մի շարք հայ արտադրողներ։ «Yerevan Marmalade Industries»-ը պարգևատրվեց հարկային եկամուտների հավաքագրմանը նպաստելու, հարկային պարտավորությունները բարեխղճորեն կատարելու, ինչպես նաև մարզային տնտեսության զարգացման գործում ունեցած կարևոր ներդրման և ազգաբնակչության կենսամակարդակի բարելավմանը միտված գործունեության համար։ 2021 թվականին արտադրամասի աշխատողների թիվը 130-ն էր, նույն տարում կազմակերպության վճարած հարկերը կազմել են ավելի քան 95 մլն դրամ։ Մարզպետարանի կողմից հրավերը հաճելի լուր էր կազմակերպության համար, ուրախալի է, երբ աշխատանքդ գնահատվում է, նշել է «Yerevan Marmalade Industries»-ի տնօրեն Հրայր Հակոբյանը։ «Նման քայլերը ոգևորում են և մեծացնում ավելի շատ արդյունքների հասնելու ցանկությունը։ Այն ամենը, ինչ անում ենք, մեր Հանրապետության, մեր հայ ազգի համար է», - ընդգծել է Հրայր Հակոբյանը։ Պարգևատրման արարողության ավարտին Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը մաղթեց տնտեսվարողներին նորանոր հաջողություններ կյանքում և գործնական ոլորտում։ «Ստեղծված դժվարին պայմաններում չպետք է վհատվենք, ուս-ուսի տված պետք է աշխատենք ու արարենք։ Ես հույս ունեմ, որ հաջորդ տարի այս օրը կնշենք ավելի ուրախ ու շքեղ, ավելի մեծ կազմով»,- նշել է մարզպետը: