«Yerevan Marmalade Industries»-ը պարգևատրվեց Հարկ վճարողի օրվա առթիվ

Նոյեմբեր 09, 2022
Ապրիլի 19-ին Հարկ վճարողի օրվա առթիվ Արմավիրի մարզպետարանը Սարդարապատի հուշահամալիրում ընդունելիություն կազմակերպեց մարզի տնտեսվարողների համար, որի ընթացքում պարգևատրվեցին մի շարք հայ արտադրողներ։ «Yerevan Marmalade Industries»-ը պարգևատրվեց հարկային եկամուտների հավաքագրմանը նպաստելու, հարկային պարտավորությունները բարեխղճորեն կատարելու, ինչպես նաև մարզային տնտեսության զարգացման գործում ունեցած կարևոր ներդրման և ազգաբնակչության կենսամակարդակի բարելավմանը միտված գործունեության համար։ 2021 թվականին արտադրամասի աշխատողների թիվը 130-ն էր, նույն տարում կազմակերպության վճարած հարկերը կազմել են ավելի քան 95 մլն դրամ։ Մարզպետարանի կողմից հրավերը հաճելի լուր էր կազմակերպության համար, ուրախալի է, երբ աշխատանքդ գնահատվում է, նշել է «Yerevan Marmalade Industries»-ի տնօրեն Հրայր Հակոբյանը։ «Նման քայլերը ոգևորում են և մեծացնում ավելի շատ արդյունքների հասնելու ցանկությունը։ Այն ամենը, ինչ անում ենք, մեր Հանրապետության, մեր հայ ազգի համար է», - ընդգծել է Հրայր Հակոբյանը։ Պարգևատրման արարողության ավարտին Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը մաղթեց տնտեսվարողներին նորանոր հաջողություններ կյանքում և գործնական ոլորտում։ «Ստեղծված դժվարին պայմաններում չպետք է վհատվենք, ուս-ուսի տված պետք է աշխատենք ու արարենք։ Ես հույս ունեմ, որ հաջորդ տարի այս օրը կնշենք ավելի ուրախ ու շքեղ, ավելի մեծ կազմով»,- նշել է մարզպետը: